Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այն սահմանվել է Ժնևում երեխաների պաշտպանությանը նվիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում 1925 թվականին:
1949թ. Փարիզում տեղի ունեցած կոնգրեսին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը որոշում է ընդունել Երեխաների պաշտպանության օր անցկացնելու վերաբերյալ: Մեկ տարի անց՝ 1950թ., հունիսի 1-ն առաջին անգամ նշվել է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր:
Հայտնի չէ, թե ինչու է որոշվել տոնը նշել հունիսի առաջին օրը: Ասում են՝ 1925թ. Չինաստանի գլխավոր հյուպատոսը Սան ֆրանցիսկոյում հավաքել է մի խումբ որբ երեխաների և նրանց համար կազմակերպել փառատոն: Այն տեղի է ունեցել հենց հունիսի 1-ին և զուգադիպությամբ համընկնում է Ժնևում տեղի ունեցած մանկական համաժողովի հետ:
Տոնն ունի իր դրոշը՝ կանաչ, կարմիր, կապույտ, դեղին, սև և սպիտակ պատկերներով: Իսկ կենտրոնում գտնվող երկրագնդի պատկերը խորհրդանշում է երկրային տունը և այնտեղ եղած բոլոր բարիքները, որ Աստված շնորհել է մարդկանց։
Հունիսի 1-ին հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաք Երևանում կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ: