Հայտնի ձեռներեց Ռուբեն Վարդանյանը Forbes Talk-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստան ռուսների ներգաղթը։
«Այդքան շատ ռուսների՝ երիտասարդ, դինամիկ, կրեատիվ, տեխնոլոգիաների, ՏՏ ոլորտում աշխատող մարդկանց, ոչ միայն ֆինանսական հնարավորություններով, այլև, որ ավելի կարևոր է, ստեղծագործ ներուժով մարդկանց գալը, իհարկե, մեծ պլյուս է Հայաստանի համար»,- ասել է նա:
Հարցն այն է, թե որքանով Հայաստանը կկարողանա արդյունավետ օգտվել դրանից, որքանով կկարողանա ստեղծել այնպիսի միջավայր, որ ժամանած մարդիկ իրենց հարմարավետ զգան Հայաստանում մնալու և իրենց ծրագրերն իրականացնելու համար՝ պահպանելով աշխարհում մրցունակ լինելու ունակությունը, նշել է Վարդանյանը:
«Ես իսկապես հուսով եմ, որ դա կհանգեցնի նրան, որ հայերը ևս մեկ անգամ համոզվեն, որ 21-րդ դարում հաջողությունը պայմանավորված է ոչ միայն մկանային ուժով և պետության հետ խոսելու պատրաստակամությամբ, այլև գիտելիքով, տեխնոլոգիայով և ստեղծագործությամբ: Հերթական անգամ խելացի կրթված մարդը կհամարվի օրինակելի»,- ասաց նա։
Գործարարն ընդգծեց, որ Հայաստանը բացառիկ հնարավորություն ունի դառնալու մի կողմից քրիստոնեական ընտանեկան արժեքների պահպանման և ապրելակերպի կենտրոն, մյուս կողմից՝ կամուրջ բոլորովին տարբեր աշխարհների միջև՝ կրթության, տեխնոլոգիայի, ստեղծագործական, առողջապահության ոլորտի։
Ըստ Վարդանյանի՝ Հայաստանի մրցակցային մեծ առավելությունը հսկայական սփյուռքի առկայությունն է և տարբեր քաղաքակրթությունների հետ աշխատելու փորձը, «որովհետև Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որն ունի չորս քաղաքակրթական հարևաններ»։
«Հայերը միշտ ունեցել են հարմարվողականության այս յուրահատուկ որակը և բոլորովին այլ մշակույթների հետ աշխատելու կարողությունը: Ես խորապես համոզված եմ, որ հայկական աշխարհը և՛ առաքելություն ունի, և՛ հնարավորություն՝ որպես միավորող սոսիձ շատ կարևոր դեր խաղալու, ինչի կարիքը շատ կա այս աշխարհում»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։