Դեբեդ գետից դուրս բերված Արևը դուրս գրվեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Երեխան տեղափոխվեց ՀՕՖ խնամքի կենտրոն: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխային գտել են Դեբեդ գետում: Գետից դուրս բերելուց հետո փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց։ Մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա է եղել որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն: Վիճակը ծանր էր, գտնվում էր բժիշկների խիստ վերահսկողության տակ:
Հիշեցնենք, որ մանկահասակ երեխային 3-4 մետր բարձրությունից Դեբեդ գետն է գցել մայրը, նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Երեխային գտել ու փրկել էր տարածքում ցախ հավաքող մի երիտասարդ։ Իսկ երեխային Դեբեդ գետը նետելու գործով մայրը կալանավորվել է։