ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է օրեր առաջ արված իր գրառմանը։
Օրեր առաջ նա գրել էր․ «Հանրային մուլտիպլեքսում գործող երկու հեռուստաընկերություն իրենց եթերային քաղաքականությամբ համառ ջանքեր են գործադրում, որպեսզի հեռարձակման իրենց լիցենզիան առնվազն կասեցվի: Ինչ ասենք, իրենց ընտրած ճանապարհն է»:
Անդրադառնալով վերոնշյանին՝ այսօր նա նշել է․ «Ես չեմ գրել, որ լիցենզիայից պետք է զրկվեն։ Բայց բոլոր հեռարձակողները, որոնք ստացել են լիցենզիա, վերցրել են որոշ պարտավորություններ։ Այն հեռարձակողները, որոնք սկսում են խախտել էթիկայի նորմեր, որոնք եթերում հայհոյանք, սեռական հայհոյանք են թույլ տալիս, զգուշացնում ենք՝ մի ձգտեք, որ լիցենզիան կասեցվի։ Այդ երկու նախադասությամբ զգուշացրել էի, որ հեռարձակողները պահպանեն օրենքները»,- ասաց նա՝ շեշտելով, որ հեռարձակողները տեղեկացված են այդ մասին։
Հեռարձակողների անունները չհրապարակելով՝ նա հայտնեց, որ այս պահին այդ երկու հեռարձակողի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել։