Պատգամավորի մանդատը որևէ մեկին թույլ չի տալիս խուլիգանական վարքագիծ դրսևորել։ Այս մասին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ ղեկավար Անահիտ Ավանեսյանը՝ հայտնելով, որ դիմել է ԱԺ՝ էթիկայի հանձնաժողովում քննարկելու հարցը։
Ավանեսյանի խոսքով՝ պատգամավորները նախ պարտավոր են լինել իրենց աշխատավայրում, բացի այդ՝ նրանք ունեն բոլոր հնարավորությունները՝ որոշակի հարթակներում իրենց հարցերն ուղղելու նախարարներին, հանդիպելու նրանց հետ։ Սակայն, նախարարի խոսքով, բեմականացված գռեհիկ շոու են սարքել նախարարությունում։
Հարցին, թե ժողովրդավարությո՞ւն է արդյոք, երբ ոստիկանը մարդու գլխին հարվածում է կամ լուսաձայնային նռնակ է կիրառում, Ավանեսյանն ասաց, որ դա հարկադիր միջոց է, քանի որ պատշաճ վարքագիծ չի դրսևորում քաղաքացին։ Ի հակադրություն դրան, նրա խոսքով, 2018 թվականի թավշյա հեղափոխությունը բարձր գնահատանքի է արժանացել ու լիովին տեղավորվում է ժողովրդավարության մեջ։
Նախարարն ասաց, որ նախկինում այդ պատգամավորները երբևէ հանդես չեն եկել հանդիպելու նախաձեռնւթյամբ, կարող էին գալ հանդիպել, սակայն նրանք չեն լինում Ազգային ժողովում։ Հարցին, թե պատրա՞ստ է արդյոք հայտարարել, որ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում, նախարարն ասաց, որ եթե գան աշխատավայր և հարց բարձրացնեն, ապա կպատասխանի։
Հիշեցնենք, որ երեկ աշխատանքային օրվա ավարտին, անտեսելով ոստիկանության օրինական հրահանգները, երեք ընդդիմադիր կին պատգամավոր մտել է նախարարության շենք, անցել ԱՆ և խորհրդակցությունների սենյակում վիճել նախարար Ավանեսյանի հետ։ Նրա կողմ շպրտվել են զոհված այն զինծառայողների լուսանկարները, որոնց մարմինները դիահերձարանի հատակին են եղել դրված։