«Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» մրցույթի հաղթող, քանդակագործ Արմեն Սամվելյանի արվեստանոցում ծանոթացանք Հիսուս Քրիստոսի արձանի գրեթե վերջնական տարբերակին: Այս մասին գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ ներկայացնելով տեսանյութ։
«Տպավորությունները խիստ դրական են:
Արձանի կառուցման և տեղադրման աշխատանքներն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Վստահ եմ, տեղադրումից հետո Փրկչի արձանը աշխարհի բոլոր հայերի, բոլոր քրիստոնյաների միավորման ուխտատեղի է դառնալու»,- գրել է Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի՝ Հիսուսի արձանի տեղադրման մասին Հայ Առաքելական եկեղեցին հայտնել է, որ եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով: Գերագույն հոգևոր խորհրդի հորդորն է նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին՝ զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով։
Իսկ իշխանությունների դիրքորոշումը արձանը կանգնեցնելու մասին դրական է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շատ լավ է, որ Գագիկ Ծառուկյանը, որի մտքով նման բան է անցել, այդ գաղափարը ներկայացնրել է հանրությանը։ Փաշինյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո բանավեճը կարևոր շերտեր է բացել։ Ըստ նրա՝ դա լավ առիթ է՝ հանրային ոլորտում առկա մի շարք խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու: