ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրազեկում է
«Հարգելի քաղաքացիներ, Սեղմված բնական, կամ հեղուկացված նավթային գազով աշխատող կամ վերասարքավորված տրանսպորտային միջոցների գազաբալոնները օգոստոսի 1-ից չեն լիցքավորվի, եթե դրանք վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից։ Ուստի՝ հորդորում ենք մինչև օգոստոսի 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում։
Գազաբալոնների վկայագրումը կատարում են լիցենզավորող կազմակերպությունները։ Վերջիններս վկայագրումից հետո տրանսպորտային միջոցի վարորդին տրամադրում են գազաբալոնների պարբերական հերթական վկայագրման ժամկետը նշող, ՀՀ կառավարության կողմից սահմանված նմուշի փաստաթղթեր, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների մասին տվյալները մուտքագրում էլեկտրոնային շտեմարան։ Օգոստոսի 1-ից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրականացնելու է վերահսկողական գործառույթներ և վարչական պատասխանատվության միջոցներ է կիրառելու լիցենզիայի պայմանների խախտում թույլ տված տնտեսավարողների նկատմամբ։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման կամ գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման կարգի պահանջների խախտմամբ ՀՀ կառավարության սահմանած նմուշի փաստաթղթերի տրամադրումը կամ ավտոտրանսպորտային միջոցների և գազաբալոնների վերաբերյալ տվյալները էլեկտրոնային շտեմարան մուտքագրումը` առաջացնում է տուգանքի նշանակում գազաբալոնային սարքավորումների տեղադրման և վկայագրման իրավասություն ունեցող կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում գազաբալոնների լցավորումը` առաջացնում է տուգանքի նշանակում գազալցավորման կայանի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով: Հավելենք, որ Երևանում և մարզերում այս պահին գործում է 15 լիցենզավորված կազմակերպություն, որոնց վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով։ Օգոստոսի 1-ից հետո ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնելու լիցենզավորման կարգի պահանջների կատարման նկատմամբ և վարչական պատասխանատվության է ենթարկելու իրավախախտում թույլ տվածներին։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ լիցենզավորման կարգի պահանջների խախտման դեպքում տվյալ կազմակերպությունը կարող է տուգանվել մինչև 200 հազար դրամով։ Եթե գազալցակայանները կլիցքավորեն բալոնն առանց շտեմարանի հետ նույնականացնելու, տնտեսվարողը կտուգանվի 200 հազար դրամի չափով։ Տրանսպորտային միջոցի՝ էլեկտրոնային շտեմարանի հետ նույնականացումն արվում է գազալցակայանում լիցքավորումից առաջ։
Եթե գազաբալոն տեղադրող կազմակերպությունը էլեկտրոնային շտեմարանում գազաբալոնի և տրանսպորտային միջոցի տվյալները մուտքագրի կարգի խախտումով, տուգանքը կկազմի 200 հազարից 500 հազար դրամ»։