Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին, որ Հայաստան է ժամանել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմակերպած «Գիտության և գործարարության օրեր-2022» միջոցառման շրջանակում:
Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, ողջունելով անվանի գիտնականին՝ վարչապետը նշել է. «Այն հաջողությունները, որոնք Դուք ունեք, կարծում եմ, Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը սեփականն է համարում: Իհարկե, մեզ համար հպարտանալու մեծ առիթ է, որ վերջապես Նոբելյան մրցանակակիրների շարքում ունենք նաև մեր հայրենակցին:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Ձեր պատրաստակամության համար՝ աջակցելու Հայաստանում գիտության, կրթության զարգացմանը: Այդ ոլորտում շոշափելի բարեփոխումներ անելը մեր ռազմավարական կարևոր ուղղություններից է և կարծում ենք, որ գիտության, կրթության բարեփոխումներն ունեն ռազմավարական նշանակություն ու պետք է կանխորոշեն մեր երկրի ապագան: Իհարկե, մեր հայրենակիցների ներուժն այս գործում ներգրավելը մեզ համար կարևոր է, եթե նման պատրաստակամություն կա: Կրկին ողջունում եմ Ձեզ, կուզենայի նաև Ձեր այցի ընթացքի մասին լսել՝ ինչպե՞ս է անցնում, ինչպե՞ս է Ձեր տրամադրությունը և ինչպե՞ս եք անցկացնում ժամանակը Հայաստանում»:
Իր հերթին, Արտեմ Փաթափությանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ և լինել այստեղ։ Հիանալի այց ունեցա, շոյված եմ այն ընդունելությունից, որ ցույց տվեցիք Դուք և կառավարությունը, բայց որ ամենակարևորն է՝ ազգի կողմից ընդունելությունից։
Իմ հանդիպած ուսանողների աչքերի ուրախությունը իսկապես ապշեցուցիչ է, և կարծում եմ, նույնիսկ ԱՄՆ այսպես չի գնահատում իր երիտասարդ գիտնականներին։ Շատ ուրախ կլինեմ օգնել որևէ կերպ, իմ հնարավորությունների սահմաններում։ Արդեն հանդիպել եմ բազմաթիվ նախարարների, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչների, նաև մարդկանց, ովքեր բարձր տեխնոլոգիական ընկերություններ են հիմնել։
Համամիտ եմ Ձեր այն մտքի հետ, որ գիտությունն ու տեխնոլոգիաները շատ կարևոր են Հայաստանի կյանքի հաջորդ փուլի համար` ոչ թե միայն տնտեսության, ռազմական ոլորտի, այլ բոլոր ուղղությունների։ Ուրախ կլինեմ օգնել իմ կարողությունների սահմաններում։ Շատ ոգևորված եմ այն ընդհանուր հակակոռուպցիոն շարժման համար, որ դուք սկսել եք, որն արդեն արտացոլվում է ակադեմիկական շրջանակում»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին Կենսաբանության բնագավառում ձեռք բերված ակնառու նվաճումների, բժշկագիտության զարգացման գործում ներդած նշանակալի ավանդի համար պարգևատրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:
Մանրամասները՝ տեսանյութում։