«Հայաստան» դաշինքի կալանավորված անդամ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այսօր Մանթաշյանը տեղափոխվել է հիվանդանոց և ենթարկվել վիրահատության։ Բժշկական չափանիշի տեսանկյունից ծագած առողջական խնդիրները կալանքի հետ անհամատեղելի են։
Այս մասին Facebook-ի էջում գրել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Վիրահատությունից հետո դատարան կներկայացնենք կալանքի հետ անհամատեղելիությունը պարզելու վերաբերյալ փորձաքննություն նշանակելու միջնորդություն»,- հայտնել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել նախորդ տարվա նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարության շենքում առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու հատկանիշներով։