Հունիսի 21-ին Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի ծննդատանը լույս աշխարհ է եկել Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում բնակվող Ղազարյանների ընտանիքի 14-րդ երեխան՝ Դանիելը։ Այս մասին հայտնում է Jnews-ը։
Մունիցիպալիտետի կողմից Ղազարյանների ընտանիքը 14-րդ երեխայի համար կստանա 600 լարի միանվագ օգնություն։ Իսկ պետության կողմից՝ երկու տարի, ամսական 200 լարի լարի կստանա։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի սոցիալական փաթեթում բազմազավակ ընտանիք է համարվում 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքները։
«Այն ընտանիքը, որտեղի 4 երեխա է մեծանում 0-18 տարեկան, միանվագ օգնություն է ստանում 300 լարի, յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար ավելացվում է 50 լարի, օրինակ՝ եթե 6 երեխա է, ուրեմն 400 լարի, 10 երեխայի դեպքում՝ 600։ Սակայն եթե բազմազավակ ընտանիք է ու կան չափահասներ, ապա այդ դեպքում չափահաս երեխաները դուրս են մնում հաշվից»,- ասում է Նինոծմինդայի քաղաքապետարանի սոցիալական ծառայության բաժնի պետ Արմեն Դարբինյանը։
Նշենք, որ այս տարի Ղազարյանների ընտանիքն արդեն 4 ուսանող կունենա։ Նրանց ավագ երկու երեխաները արդեն մի քանի տարի է՝ սովորում են Երևանում: Կրթությանը զուգահեռ նաև աշխատում են, ինչի շնորհիվ ընտանիքից կախվածություն չունեն։ Ղազարյանների ընտանիքը Գանձայում զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Ընտանիքի հայրն ասում է, որ ավագները կարողանում են պահել իրենց, իրենք միայն սնունդով են օգնում: