Ապարանի Նիգավան համայնքի մոտ սպանված երիտասարդների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում։ Նրանք պահանջում են, որ արյունահեղության հեղինակները հեռանան Ապարանից, որպեսզի ապարանցիները կարողանան հանգիստ ապրել։
«Ապանությունը Ռոման Փարվանյանը՝ Արագածոտնի փոխմարզպետի հորեղբոր տղան է կազմակերպել, որ զինված խումբը մտնի Ապարան և կատարի այդ արյունահեղությունը։ Չգիտեմ՝ մեր ոստիկանությունն ինչպես է աշխատում, որ զինված հանցավոր խումբ է գալիս և Ապարանում սպանություն իրականացնում։ Արագածոտնի փոխմարզպետը, իշխանական պատգամավոր Մաթևոս Ասատրյանը և նրա եղբորորդին մասնակցել են և կազմակերպել են այս սպանությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց սպանված Համիկ Միքայելյանի հորեղբայր Աբրահամ Միքայելյանը։
Համիկ Միքայելյանի մյուս հորեղբայրն էլ պնդեց, որ կատարվածի մեջ որևէ քաղաքական ենթատեքստ չկա։ Նրա խոսքով՝ գազալցակայանում վիճաբանելուց հետո միջադեպի մասնակիցները Նիգավանի աղբանոցում են հանդիպել ու կրկին վերսկսել վիճաբանությունը։
Սպանվածներից մեկի հարազատն էլ նշեց, որ Արագածոտնի մարզպետի տեղակալ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղայի թույլտվությամբ է զինված խումբը մտել Ապարան, հենց նա էլ սպանության կազմակերպիչն է։
Արյունալի միջադեպի մասնակից մի երիտասարդ էլ հայատարարեց, որ ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի եղբայրը՝ Գրզոն, սպանության վայրում էր, բայց իրեն չի ծեծել։ Նա նաև նշել է, որ միջադեպին ներկա է եղել նաև պարեկային ծառայության պետը։
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ զինված միջադեպ էր տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել էին կրակոցներ, գործադրվել էր որսորդական հրացան: Տուժած 7 տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ․ 2 հոգի սպանվել էր, հինգը՝ վիրավորվել։
Ըստ ՔԿ-ի՝ հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32-ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ:
Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում: Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս:
Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ:
32-ամյա տղամարդը ձերբակալվել է: