2022 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն ու դրան ուղեկցող հատուկ միջոցառումները տեղի կունենան Իտալիայի Վենետիկ քաղաքում 2022 թ. հոկտեմբերի 14–16-ը: Այս մասին հայտնում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հանրային կապերի բաժնից։
Նշվում է, որ մեկ վայրում կհամախմբվեն մարդասիրության ոլորտի աշխարհի առաջատարները՝ արժանին մատուցելու մերօրյա հերոսներին, փառաբանելու մարդկայնության ոգին և զորացնելու մարդկանց օգնության ձեռք մեկնողների հաջորդ սերնդին: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և «Ավրորա» մրցանակը ձգտում են լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին:
Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ամեն տարի «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 մլն ԱՄՆ դոլար պարգև՝ նրան ընձեռելով բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան և աջակցելու այն կազմակերպություններին, որոնք օգնում են այլոց: Բացահայտելով և աջակցելով աշխարհում անհայտ հերոսներին՝ «Ավրորան» զգալի ազդեցություն է ունեցել՝ արդեն բարեփոխելով կարիքի մեջ գտնվող ավելի քան 2.7 միլիոն մարդու կյանք:
Վենետիկում կայանալիք հատուկ միջոցառումների ընթացքում տեղի կունենա Aurora Dialogues երկու քննարկում:
Հատուկ միջոցառումները կեզրափակվեն 2022 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությամբ, որը տեղի կունենա Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզում` աշխարհում հայ մշակույթի ամենանշանավոր կենտրոններից մեկում: Այս տարի «Ավրորան» մեծարում է մերօրյա երեք հերոսների, որոնք կրթության հնարավորություն են տալիս կանանց և աղջիկներին Աֆղանստանում, ազատում ռազմագերիներին Եմենում և պաշտպանում մարդու իրավունքները Եգիպտոսում: