Ռուս մասնագետները Երեւանում բանակցություններ են վարում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման շուրջ։ Այս մասին Armenia Today-ին հայտնել է «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը։
Նա նշել է, որ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասսկու գլխավորած պատվիրակությունն արդեն հանդիպում է ունեցել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ։ Նախատեսվում է նաև հանդիպում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Ինչպես նշել է գլխավոր տնօրենի խորհրդականը, հակված են ջրային էներգետիկ ռեակտոր մոդիֆիկացիայի կառուցմանը՝ 1300 մեգավատ հզորությամբ:
Գլխավոր տնօրենի խորհրդականը հավելել է, որ արդեն 2024 թվականին հայկական կողմը պետք է համաձայնագիր ստորագրի նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասին։ Հաշվի առնելով «Հայկական ԱԷԿ» երկրորդ էներգաբլոկի երկարաձգման հնարավորությունը մինչև 2036 թվականը՝ անհրաժեշտ է արդեն երկու տարի անց ձեռքներին ունենալ համապատասխան համաձայնագիր: Ներկայումս կայանի մասնագետները նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորում են պատրաստում՝ հետագայում այն կառավարությանը ներկայացնելու և ֆինանսավորման հարցը լուծելու համար: