Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 08։00-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հիշեցնենք, որ հորդառատ անձրևների պատճառով ավելի վաղ փակվել էր Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհը։ Հայկական մոտ 300 բեռնատար մնացել էր ճանապարհին։ Հայ արտահանողների «Արտահանում-Հայաստան» ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ստեղծված իրավիճակի արդյունքում հայ արտահանողները զգալի վնասներ են կրում։