Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Մայր Հայաստան» կոթողի տարածքում հուլիսի 3-ին բացվեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր ու Զինվորի պուրակ: Ձեռամբ Շիրակի թեմի հոգևորականների կատարվեց պուրակում տեղադրված խաչքարի օրհնության կարգ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ի հիշատակ անմահ զինվորների պուրակ ստեղծելու նախաձեռնությունը ամերիկաբնակ, ծնունդով ախուրյանցի Դավիթ Սաֆարյանինն է՝ Սաֆարյան ընտանիքի կողմից: Պուրակի տարածքը՝ խաչքար ու հուշակոթող, ամբողջանում է երեխաների համար նախատեսված խաղահրապարակով:
44-օրյա պատերազմին միայն Ախուրյան բնակավայրը 7 զոհ է ունեցել, ողջ համայնքը՝ 29:
«Ախուրյանում այսօր այս գեղեցիկ պուրակն է բացվում՝ այն աշխատանքը, որ կատարվել է, անհնար է չնկատել: Սա Դավիթ Սաֆարյանի առաջին բարեգործությունը չէ. Դավիթը, չնայած երկար տարիներ է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում՝ միշտ եղել է բանակի կողքին, ներդրումներ է ունեցել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ: Այգին նաև դաստիարակչական նշանակություն է ունենալու մեր երեխաների համար՝ մենք մեր զոհված հերոսների օրինակով պետք է մեծացնենք մեր մատաղ սերունդներին: Մեր հերոսները չեն մահացել՝ նրանք անմահացել են՝ տվել են իրենց կյանքը, որպեսզի մեր հողն ու ջուրը ու մեր խաղաղությունը պահենք»,- իր խոսքում նշեց Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը՝ հավելելով, որ այսուհետ պուրակը լինելու է ուխտատեղի՝ սերունդների համար: