Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է։ Համաժողովրդական հանրաքվեի միջոցով ՀՀ մայր օրենքն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ին: Այն փոփոխությունների է ենթարկվել 2005-ի նոյեմբերի 27-ին:
Սահմանադրությունն ունի 9 գլուխ և 117 հոդված: Դրանցից առաջին երկուսն ու 114-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն:
Համաձայն ՀՀ Սահմանադրության` ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին։
2001թ. Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում։ Սակայն 2003թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց։ Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի դրվեց 2005թ. նոյեմբերի 27-ին և ընդունվեց։ Մասնավորապես, սահմանադրական փոփոխություններով նշանակալիորեն կրճատվեցին Նախագահի լիազորությունները, իսկ Ազգային ժողովի դերն ընդլայնվեց։ Այսպես, փոփոխություններով վերացվեց Հանրապետության նախագահի՝ վարչապետ նշանակելու ամբողջությամբ հայեցողական լիազորությունը. ներկայումս Հանրապետության նախագահը պարտավոր է վարչապետ նշանակել Ազգային ժողովի մեծամասնության վստահությունը վայելող անձի՝ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա։
Կառավարման կարգի հետ կապված հաջորդ կարևոր փոփոխությունը Ազգային ժողովն արձակելու՝ Հանրապետության նախագահի՝ կրկին, ըստ էության անսահմանափակ լիազորության վերացումն էր։ Փոփոխություններով սահմանվեցին այն բացառիկ դեպքերը, որոնց առկայության պարագայում միայն Հանրապետության Նախագահը կարող է արձակել Ազգային ժողովը։ Այդ բոլոր դեպքերն ըստ էության վերաբերում են Ազգային ժողովի կողմից անգործություն դրսևորելու իրավիճակներին։
Փոփոխություններ տեղի ունեցան նաև դատական համակարգի կազմակերպման ոլորտում։ Փոխվեց արդարադատության խորհրդի կազմավորման կարգը։
Երկրորդ փոփոխությունը՝ վերջինը՝ կատարվել է սահմանադրության ընդունումից երկու տասնամյակ անց՝ 2015 թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով։ Այս սահմանադրական փոփոխություններով Հայաստանը դարձավ խորհրդարանական հանրապետություն։ Հաշվի առնելով սահմանադրական նոր փոփոխությունների արդյունքում՝ երկրում վարչապետի ձեռքին իշխանության հսկայական կենտրոնացումը, Երբեմն նորացված սահմանադրությունն անվանում են «սուպերվարչապետական սահմանադրություն», իսկ երկրում հաստատված քաղաքական համակարգը՝ «սուպերվարչապետական համակարգ»։