Կոմիտասի անվան պանթեոնում հուլիսի 6-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա դուդուկի անզուգական վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ջիվան Գասպարյան կրտսերը, անվանի արվեստագետներ և Վարպետի արվեստի երկրպագուներ:
Ավելի վաղ քանդակի հեղինակ Ալեքսան Բաբայանը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը հայտնել էր, որ Ջիվան Գասպարյանի առաջին կիսանդրին ստեղծել է դեռ 2004 թվականին։ Վերջինը արդեն 7-րդն է դառնալու իր հավաքածուում:
«Ես ստեղծել եմ մի հարթակ, որի վրա ամրացված է Գասպարյանի կիսանդրին, իսկ շուրջը ցրված են ծիրանները։ Ջիվանը սիրում էր կրկնել, որ իսկական դուդուկը պետք է ծիրանի ծառից լինի»,- պատմում էր Բաբայանը։