FlyOne Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ պարզաբանել է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի չեղարկման որոշումը։
Նշենք, որ նախօրեին համացանցում կադրեր էին տարածվել, որտեղից պարզ է դառնում, որ չվերթի չեղարկումը լուրջ դժգոհություն և անհանգստություն էր պատճառել ուղևորներին, ովքեր կոնֆլիկտ էին ունեցել ավիաընկերության աշխատակիցների հետ։
«Մեր օդանավի հրամանատարը, որոշակի տարբերություններ տեսնելով օդանավի տվյալների մեջ, որոշում է կայացրել դադարեցնել չվերթը, ինչը, ըստ մեզ, ճիշտ որոշում էր»,- նշել է Անանյանը՝ հավելելով, որ տեղի ունեցածի մասին տեղեկացրել են պատկան մարմիններին։
Նա հայտնել է, որ մի քանի ժամ անց չվերթը տեղի կունենա և մեր հայրենակիցները կհասնեն նախանշված վայրերը։
«Սիրելի հայրենակիցնե՛ր, ձեր ավիացիոն անվտանգությունը մեր անսակարկելի առաջնահերթությունն է, և մենք ամեն ինչ անելու ենք որպեսզի այն մնա այդպիսին»,- նշել է նա՝ հայցելով քաղաքացիների ներողամտությունը։