«Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» վարչության նախագահ Յաշա Սոլոմոնյանը վերլուծություն է ներկայացրել՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրմանն անդրադառնալով զբոսաշրջության տեսանկյունից։
«Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը որոշ օղակների կողմից ներկայացվում է որպես զբոսաշրջության զարգացման մեգանախագիծ, մի շռնդալից իրադարձություն, մի գլխապտույտ առաջացնող երջանկություն․․․ Այնինչ՝ թվերը լրիվ այլ բան են խոսում։ Ուսումնասիրության համար վերցրել եմ աշխարհում ամենահայտնի՝ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում գտնվող Քրիստոսի արձանը։
Բրազիլիա այցելող զբոսաշրջիկների միայն 33%-ն է այցելում այս արձանը։ Այսինքն, Բրազիլիա եկող զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը Քրիստոսի համար չէ, որ գալիս են։ Արդյո՞ք չարժե բարձրանալ այս ժայռի վրա՝ այս տեսարանը վայելելու համար, և արդյոք եթե այդտեղ չլիներ արձան, միևնույն է, հազարավոր մարդիկ չէին բարձրանալու այստեղ։ Չեմ էլ ցանկանում անգամ զուգահեռներ տանել Հատիսից բացվող տեսարանների հետ։ Իհարկե, դրանք տարբեր բաներ են, բայց այն, որ մրցակցության եզրեր անգամ չկան, նույնպես փաստ է։
Վերադառնալով զբոսաշրջությանը։ Մի բան կարևոր է հասկանալ, որ զբոսաշրջային ատրակցիոնները, արձանները, հուշարձանները, ենթակառուցվածքները և այլն, ընդամենը ոլորտը սպասարկող երևույթներ են, և դրանք առ ոչինչ են առանց մարքեթինգի, բրենդավորման և գովազդի։ Ասել է, թե դրանք անմիջականորեն չեն կարող ապահովել զբոսաշրջության կայուն աճ, եթե չկա համապատասխան մարքեթինգային ռազմավարություն, գովազդ։
Հաշվի առնելով ՀՀ զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականությունը, զբոսաշրջային ոլորտին ֆինանսական հատկացումները, մարքեթինգային ռազմավարությունն ու արշավները՝ կարող եմ վստահորեն ասել, որ եթե անգամ անձամբ Քրիստոսն իջնի ու կանգնի Արագածի հյուսիսային գագաթին, դա որևէ կերպ չի ապահովելու զբոսաշրջային բում Հայաստանում։ Համենայն դեպս, մինչ այս պահը թե՛ պետության, և թե՛ նախագծի կազմակերպիչների կողմից չի ներկայացվել որևէ երկարաժամկետ մարքեթինգային ռազմավարություն, որևէ թվաբանական հաշվարկ, տնտեսական վերլուծություն, որը ցույց կտա, թե այս նախագիծն ինչ ճանապարհով, ինչ ժամկետներում և ինչպես է դառնալու «զբոսաշրջային բում»։ Եվ եթե չի ներկայացվել, հետևաբար հակված եմ կարծել, որ չկա»-մասնավորապես գրել է նա։
Յաշա Սոլոմոնյանի խոսքով՝ ստացվում է, որ այս նախագիծը մի կողմից հակասում է մեր մշակութային, կրոնական, էսթետիկ ընկալումներին, վնասում է մեր շրջակա միջավայրը, իսկ մյուս կողմից էլ չունի կամ ունի շատ կասկածելի ազդեցություն զբոսաշրջության զարգացման վրա․ «Հետևաբար, խնդրանք և հորդոր շահագրգիռ կողմերին։ Որպես նախագծի հիմնավորում խուսափել զբոսաշրջություն տերմինից։ Զբոսաշրջությունը լոկ գեղեցիկ բառ չէ կամ թե փայլփլուն փաթեթավորման թուղթ։ Դա լուրջ ոլորտ է՝ իրեն ուրույն գիտական հիմքերով, կանոններով և օրինաչափություններով»։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահի կողմից Հիսուս Քրիստոսի մեծ արձան կառուցելու նախաձեռնության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն։ ՇՄՆ-ից հայտնել էին, որ արձանի տեղադրման տեղադիրքի ընտրության վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարություն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից որևէ փաստաթուղթ դեռ չի ստացվել։ Հավելենք, որ արձանը նախատեսվում է կառուցել Հատիս լեռան վրա։