«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով ձեռք է բերել Հատիս լեռան վրա գտնվող 9 հողակտոր։ Հողակտորների կադաստրային կոորդինատները համադրելով արբանյակից արված լուսանկարների հետ՝ պարզ է դառնում, որ այն գտնվում է անմիջապես Հատիս լեռան գագաթին։ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ձեռք բերած հողակտորները ներառում են նաև Հատիսի բերդ կոչվող հնագիտական վայրը։ Այս մասին գրում է «Հետքը»։
Կոտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց, որ օտարված հողակտորները գտնվում են Հատիս լեռան գագաթին։ Հունան Ռուբենյանի խոսքով, 100 հեկտար հողակտորը «Ծառուկյան» հիմնադրամին օտարվել է համայնքի կողմից, իսկ 46 հեկտարը 2008 թ.-ին էր օտարվել քաղաքացի Նորիկ Պետրոսյանին, որն էլ այն նվեր է տվել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին։
Ավելի վաղ գրել էինք, որ մինչ Հայաստանի կառավարությունը դրական կարձագանքեր Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման գաղափարին, Հատիս լեռան գագաթում նշված հողերը չնչին գնով օտարվել էին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։
«Հետք»-ը պարզել է, որ 2022-ի մայիս-հունիս ամիսներին Կոտայքի մարզի Ակունք, Հատիս և Զովաշեն համայնքների վարչական տարածքներում գտնվող շուրջ 140 հեկտար հողատարածք աճուրդային կարգով օտարվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։
Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը 2022-ի հունիսի 3-ին որոշում է ստորագրել, որով «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին են օտարվել ստորև ներկայացվող 4 առանձին հողակտորները։ Այդ որոշմանը նախորդել են նույն օրը համայնքի կողմից անցկացված աճուրդները։
Ակունք համայնքի Զովաշեն գյուղում գտնվող 07-028-0114-0016 կադաստրային ծածկագրով 20 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը օտարվել է 1 միլիոն 600 հազար դրամ արժեքով։
Ակունք համայնքի Զովաշեն գյուղում գտնվող 07-028-0114-0017 կադաստրային ծածկագրով 19.7 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը օտարվել է 1 միլիոն 576 հազար դրամ արժեքով։
Ակունք համայնքի Հատիս գյուղի վարչական տարածքում գտնվող 07-040-0130-0062 կադաստրային ծածկագրով 20 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը օտարվել է 7 միլիոն 900 հազար դրամ արժեքով։
Ակունք համայնքի Հատիս գյուղի վարչական տարածքում գտնվող 07-040-0130-0063 կադաստրային ծածկագրով 7.5 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը օտարվել է 2 միլիոն 962 հազար 500 դրամ արժեքով։
Վերը նշված հողակտորների համար Կադաստրի կոմիտեից «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքի վկայական է ստացել 2022 թ.-ի հունիսի 14-ին։ Հողամասերի բնութագրերում նշված են, որ դրանք արոտավայրեր են»,- գրում է աղբյուրը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Ըստ «Հետք»-ի տվյալների՝ Կոտայքի մարզի Ակունք, Հատիս և Զովաշեն համայնքների վարչական գտնվող տարածքները մայիս-հունիս ամիսներին աճուրդներով հիմնադրամին է վաճառվել շուրջ 13 մլն դրամով(31 600 դոլար)։