ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը հայտարարություն է արել Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման վերաբերյալ։ Այնտեղ ընդգծել են, որ այդ բոլոր փաստաթղթերը պետք է հասանելի լինեն անկախ ուսումնասիրության համար։
Ինստիտուտից հիշեցրել են, որ Բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին ՀՀ Կառավարության 2008 թվականի 14 օգոստոսի N 967-Ն որոշմամբ Հատիս լեռը ճանաչվել է երկրաբանական հուշարձան «Հատիս հրաբուխ» անվանումով, որի տարածքում շինարարական և հողային աշխատանքներն օրենքով արգելված են։
«ՀՀ օրենսդրությամբ ցանկացած շինարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ են թույտվություն, մանրակրկիտ ինժեներաերկրաբանական հետազոտություններ, սեյսմիկ միկրոշրջանացում, խոշոր և կարևոր կառույցների դեպքում՝ նաև հատուկ սեյսմիկ վտանգի գնահատում։ Հաշվի առնելով, որ սույն թվականի հուլիսի 9-ին տրվել է շինարարական աշխատանքների հանդիսավոր մեկնարկը և մամուլի կողմից տարածված լուսանկարներում և տեսանյութերում բնական հուշարձան հանդիսացող Հատիս լեռան գագաթին արդեն իսկ իրականացվել են հողային աշխատանքներ և ճանապարհաշինարարություն, ինչպես նաև հարցի հասարակական լայն հնչեղությունը, անհրաժեշտ ենք համարում, որ վերոնշյալ հետազոտությունների արդյունքները և շինարարության թույլտվությունը հրապարակվեն և դառնան հասանելի անկախ փորձաքննության համար»,- ընդգծել են ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահի կողմից Հիսուս Քրիստոսի մեծ արձան կառուցելու նախաձեռնության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն։ ՇՄՆ-ից հայտնել էին, որ արձանի տեղադրման տեղադիրքի ընտրության վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարություն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից որևէ փաստաթուղթ դեռ չի ստացվել։ Հավելենք, որ արձանը նախատեսվում է կառուցել Հատիս լեռան վրա։