Առողջապահության նախարարությունն ակտիվացնում է ծխախոտի դեմ պայքարը։ Նպատակը ներկա և ապագա սերունդներին ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից պաշտպանելն է։
Այսօր կառավարության նիստի ժամանակ ընդունված որոշումներից մեկի համաձայն՝ ծխախոտի դեմ պայքարի ոլորտում ազգային հետազոտությունների և գիտահետազոտական ծրագրերի համակարգմանն ուղղված միջոցոցառումների պլանավորում կանցկացվի։
Ակնկալվում է բնակչության շրջանում իրազեկման բարձրացում՝ ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության` առողջության համար վտանգների մասին, ինչպես նաև ծխախոտի օգտագործումը դադարեցնելու և ծխախոտ չօգտագործելու դեպքում ապրելակերպի առավելությունների մասին։
Հայաստանում բարձր է նաև երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվող բնակչության թիվը: STEPS հետազոտության տվյալների համաձայն` բնակչության 56,4% նշել է, որ ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը տանը, իսկ 26.6%` աշխատավայրի փակ տարածքում:
2018թ. «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծը Հայաստանում» հետազոտության տվյալների համաձայն, Հայաստանում 17-ամյա դեռահասների շրջանում երբևիցե կյանքում 1-2 օր ծխախոտ օգտագործել է տղաների 8%-ը, աղջիկների՝ 3,5%, իսկ 17-ամյա դեռահասների շրջանում նարգիլե օգտագործել են տղաների 19%-ը, իսկ աղջիկների՝ 12%:
Հայաստանի բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմում է մոտ 80%, ընդ որում, մահացության բուրգում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը` 55.2%, որոնց հաջորդում են չարորակ նորագոյացությունները` 20.2%, շաքարային դիաբետը` 2,3%, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները` 1.5%:
Հայաստանում ամեն տարի ախտորոշվում է շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացությունների մոտ 1500 նոր դեպք, տղամարդկանց շրջանում թոքի քաղցկեղով հիվանդացությունը և մահացությունը 5-6 անգամ բարձր է՝ կանանց համեմատությամբ: Թոքի քաղցկեղի 80%-ը պայմանավորված է տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման բարձր տարածվածությամբ: Թոքի քաղցկեղի ախտորոշմամբ մարդկանց միայն 12%-ն է ապրում մինչև 5 տարի:
Հայաստանում ամեն տարի գրանցվում է ԱՇՀՀ շուրջ 55 000 նոր դեպք, որոնց զարգացման հիմնական պատճառներից մեկը նույնպես ծխելն է: