Արմենի մահը քաղաքական սպանություն էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը ներկա էր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությանը:
«Ես ակնկալիք չունեմ, որ Արմենի մահը կարող է վերջին ապտակը դառնալ միջազգային կառույցներին: Արմենի նման ինտելեկտուալ կորցնելը մեծ կորուստ էր:
Մենք մի սարսափելի իրականության մեջ ենք, ուր մարդու մահն էլ է ռեալիթի շոու»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել է հուլիսի 15-ին՝ դատական նիստի ընթացքում: Նա գտնվում էր կալանքի տակ:
Հիշեցնենք նաև, որ ըստ ԱԱԾ-ի հայտարարության՝ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար»։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր Արմեն Գրիգորյանի ձերբակալության մասին։ Նրան կալանավորել են ազգային, ռասայական կամ կրոնական ատելություն սերմանելու կասկածանքով։ Ձերբակալման պատճառը Ազգային անվտանգության ծառայության հրապարակած տեսանյութն էր։ Ըստ ԱԱԾ-ի՝ Գրիգորյանը հրապարակավ նսեմացրել է Շիրակի և Արարատի մարզերի բնակիչների ազգային արժանապատվությունը։ Գրիգորյանի նկատմամբ կիրառվել էր 2-ամսյա կալանքը։
Մանրամասները՝ տեսանյութում: