Հուլիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում օդւ ջերմաստիճանը տատանվել է 38-40 աստիճանի սահմաններում: Ջերմային ֆոնն ինտենսիվացել է հատկապես երեկ՝ հուլիսի 17-ին, և պահպանվում է նաև այսօր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով՝ երեկ ցերեկը Արարատյան դաշտում ու մայրաքաղաք Երևանում գրանցվել է 40-41 աստիճան շոգ, որը պահպանվել է մի քանի ժամ շարունակ:
«Քանի որ երկար ժամանակ տեղումներ չենք ունեցել, օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 5-7 աստիճանով, ապա հատկապես լեռնային գոտիներում առկա է շատ բարձր հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթների ինդեքսի ինտենսիվությունը բավականին բարձր է նորմաից: Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս 11:00-17:00-ն խուսափել արևի ուղիղ ճառագայթներից»,- ասաց Սուրենյանը:
Նրա խոսքով՝ մինչև հուլիսի 21-ը ներառյալ ջերմային ազդեցությունը կպահպանվի, սակայն 22-ից այն իր տեղը կզիջի սևծովյան ավելի ցածր ջերմությամբ հոսքերին և կունենանք մինչև 35 աստիճան ջերմություն: