Հունիսի 14-ին մեկնարկած ուղևորափոխադրումների ամառային սեզոնի առաջին ամսվա ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը միջազգային հաղորդակցությունում փոխադրել է 7007 ուղևոր: Այդ թիվն ավելի քան կրկնակի գերազանցում է 2021 թվականի նույն ցուցանիշը ։ 2021 թվականի ամառային փոխադրումների առաջին ամսվա ընթացքում միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 3218 ուղևոր։ Այս մասին գրում է ՀԿԵ-ն:
Ընդհանուր առմամբ փոխադրված ուղեւորներից 3832 – ը օգտվել են Բաթումիի միջազգային գնացքի ծառայությունից, 3175 – ը ՝ Թբիլիսիից:
Հայաստանի քաղաքացիների և զբոսաշրջիկների հարմարավետության համար այս տարի ամառային սեզոնին գործում է երկու առանձին գնացք՝ Երևան-Թբիլիսի-Երևան ուղևորափոխադրումը իրականացվում է շաբաթական հինգ օր, իսկ Երևան-Բաթումի-Երևան ուղևորափոխադրումը գործում է շաբաթական երկու օր:
Ուղևորների նախասիրությունների և ցանկությունների բացահայտման աշխատանքները ՀԿԵ – ն մշտապես իրականացնում է: Հարցումներ են անցկացվում ուղևորների շրջանում, կապի տարբեր ուղիներով ընկերության կառավարման աշխատակազմում քաղաքացիներից ստացվում են դիտողություններ և առաջարկություններ, որոնց արդյունքով մշտապես բարձրանում է մատուցվող ծառայությունների որակը:
Նշենք, որ ընդհանուր առմամբ 2022 թվականի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնացքներով փոխադրվել է 220,5 հազար ուղևոր, ինչը 22 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ցուցանիշից։