Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց կայուն զբաղվածության ապահովման նպատակով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է նախագիծ, որով առաջարկվում է աջակցել գործազուրկին ձեռք բերել գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ և կարողություններ՝ գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու նպատակով։ Նախագիծը հաստատվեց կառավարութայն հուլիս 21-ի նիստում:
Ինչպես նիստի ժամանակ նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ թափուր աշխատատեղի ներկայացման հետ միաժամանակ, գործատուն պետք է միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում գրանցի այդ պահանջների հիման վրա կազմված ցուցակ։
Ցուցակում ընդգրկված անձանցից պետք է ընտրի իր պահանջներին առավելապես բավարարող անձին և իրականացնի շահառուի մասնագիտական ուսուցում մինչև 5 ամիս տևողությամբ կամ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող շահառուի համար իր մոտ կազմակերպի մասնագիտական աշխատանքային փորձառություն՝ 3 ամիս տևողությամբ:
Ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին առաջարկվում է վճարել՝ ուսման վարձի փոխհատուցում ամսական կտրվածքով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50 000 դրամի չափով,
կրթաթոշակ` աշխատավարձի 50 տոկոսի չափով:
Մասնագիտական ուսուցման դասընթացի ավարտական վկայականն ստանալուց հետո շահառուի հետ գործատուն պարտավորվում է կնքել աշխատանքային պայմանագիր՝ առնվազն մեկ տարի ժամկետով։
Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին առաջարկվում է տրամադրել գումար առավելագույնը 50 000 դրամի չափով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար՝ հիմքում ընդունելով ներկա պահին հաշվարկված զուտ մեդիան աշխատավարձի չափը, որը կազմում է շուրջ 140 000 դրամ։
Սույն ծրագրին կարող է մասնակցել թափուր աշխատատեղ ունեցող այն գործատուն, որը չի հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, քանի որ նշված մարմինների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է թափուր աշխատատեղերի համալրման հատուկ ընթացակարգ և նշված ընթացակարգով այն համալրել հնարավոր չէ։
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ ուսման վարձի փոխհատուցման դեպքում շահառուն ինքը պետք է վճարի այն, իսկ ընկերությունը 5-օրյա ժամկետում փոխհատուցելու է: Ինչը, ըստ վարչապետի թերի է: Չէ՞ որ շահառուն գումար չունի նախապես վճարելու համար:
«Ավելի լավ է՝ ուսումնական հաստատություններին ասենք, որ նա մեր շահառուն է, և մենք փոխհատուցենք վարձը»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: