Հուլիսի 12-18-ն առցանց ձևաչափով անցկացվել է Աշխարհագրության 18-րդ միջազգային օլիմպիադան, որի ընթացքում ՀՀ թիմը նվաճել է 2 բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Բրոնզե մեդալների են արժանացել Ռուբեն Սարգսյանը (Գյումրու «Ֆոտոն» վարժարան, 12-րդ դաս․) և Հովհաննես Ստեփանյանը (Արմավիրի մարզ, Նոր Արտագերսի մ/դ, 12-րդ դաս․)։ Օլիմպիադային ՀՀ թիմը ներկայացրել են նաև «Քվանտ» վարժարանի աշակերտներ Մարիամ Գրիգորյանը (11-րդ դաս․) և Էդուարդ Ավետիսյանը (12-րդ դաս․)։
ՀՀ թիմը ղեկավարել են Վահագն Գրիգորյանը (ԵՊՀ) և Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ, «Քվանտ» վարժարան)։
Օլիմպիադայի կազմակերպիչ երկիրը Ֆրանսիան էր. առցանց մասնակցությունն ապահովել է «Քվանտ» վարժարանը։ Մրցույթին մասնակցել են 54 երկրների 209 աշակերտներ:
Օլիմպիադան անցկացվել է երեք փուլերով. առաջին օր՝ տեսական առաջադրանքներ, երկրորդ օր` երկու ենթափուլերից բաղկացած դաշտային հետազոտություններ, երրորդ օր՝ մուլտիմեդիայի առաջադրանքներ։
Հիշեցնենք, որ Աշխարհագրության 17-րդ միջազգային օլիմպիադայում, որը նույնպես անցկացվել էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 1 բրոնզե մեդալի։