Երկամյա դադարից հետո «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափներին աջակցող պետական ծրագիրը վերադառնում է վերաբրենդավորված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ ծրագրի նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը:
«Ներուժ»-ն այն ծրագիրն է, որը կամրջում է Հայաստանի և Սփյուռքի նորարարական միտքը՝ դառնալով մեր երկրի ապագային միտված նախագծերի հնարավորության կարևոր անկյունաքարը: Ծրագիրը լավ հնարավորություն է աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցների համար վերադառնալու հայրենիք, այստեղ բիզնես հիմնելու, ապրելու և ներդրում ունենալու Հայաստանի առաջընթացի գործում»,- նշեց նա:
«Ներուժ 3.0»-ը կանցկացվի սեպտեմբերի 26-30 Դիլիջանում: Նախատեսվում է աշխարհի տարբեր անկյուններից Հայաստանում հյուրընկալել շուրջ 30 ստարտափների 60 ներկայացուցիչների: Սփյուռքի տեխնոլոգական ստարտափների ծրագիրը կիրականացվի «Իմ քայլը» հիմնադրամի հետ գործակցությամբ: Նոր կայքը գործարկվել է, հայտերը կընդունվեն հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 22-ը:
«Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Մխիթար Հայրապետյանը լիահույս է, որ համատեղ ջանքերով ծրագիրը կլավարկվի: Նա վստահեցրեց՝ հիմնադրամը չափազանց կարևորում է Հայաստանում սփյուռքի համահայկական մարդկային կապիտալի կենտրոնացումը:
«Ուրիշ էլ ո՞ր ծրագրի շրջանակներում, եթե ոչ «Ներուժ»-ի, պետք է կանգնել կառավարության կողքին, սատարել և համատեղ ջանքերի ներդրման շնորհիվ կրկին արդեն երրորդ անգամ իրագործել այս ծրագիրը»,- նշեց Հայրապետյանը:
Ծրագրին կարող են մասնակցել այն ստարտափները, որոնց հիմնադիրների կամ համահիմնադիրների առնվազն կեսը սփյուռքահայեր են: Նախքան ծրագրին դիմելը ստարտափը պետք է ունենա կազմավորված թիմ: Լավագույն գաղափարները կարժանանան դրամաշնորհի՝ հնարավորություն տալով մասնակիցներին զարգացնել գաղափարն ու վերածել բիզնես նախաձեռնության: Ծրագրի մրցանակային ֆոնդը 45 մլն դրամ է:
«Ենթանպատակներից ամենակարևորներից է՝ ստեղծել գլոբալ միջազգային ընկերություններ և ապահովել Հայաստանում տեխնոլոգիական ոլորտում ներդրումային միջավայրի զարգացումը: Որպես արդյունք՝ մենք ակնկալում ենք մոտ 10 ընկերություն ստեղծել, զարգացնել և հանել միջազգային շուկա»,- նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:
Ծրագրի կարևոր նախապայմաններից է Հայաստանում ստարտափ գրանցելը, գործունեություն ծավալելը և առնվազն մեկ տարի ՀՀ-ում բնակվելը: