ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հուլիսի 27-ին տեղի է ունեցել խորհրդային նավատորմի լեգենդար Ծովակալ, ԽՍՀՄ հերոս Իվան Իսակովին (Հովհաննես Տեր-Իսահակյանին) պատկանող անձնական իրերը ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» թանգարանին հանձնելու հանդիսավոր արարողությունը:
Ինչպես հաղորդում է դեսպանության մամուլի ծառայությունը, միջոցառմանը ներկա են եղել ՌԴ Պաշտպանության նախարարության, ԱԳՆ, Մոսկվայի Հաղթանակի թանգարանի, ՌԴ ԶՈՒ կենտրոնական թանգարանի, Սամարայի կայազորի սպաների տան ներկայացուցիչները, դիվանագետներ և դեսպանատան աշխատակիցներ:
Ելույթ ունենալով միջոցառմանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Խմելեվիային տվյալ նախաձեռնության համար։ Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն անդրադարձել է Ծովակալ Իսակովի գործունեությանը ինչպես Հայրենական մեծ պատերազմի տարիներին, այնպես էլ հետպատերազմյան շրջանում:
«Այսօրվա միջոցառմամբ մենք առաջին հերթին հարգանքի տուրք ենք մատուցում ականավոր զորավարի հիշատակին, ում զինվորական կարիերան իր կոչմանն ու հայրենիքին ծառայելու եզակի օրինակ է: Իվան Իսակովը ոչ միայն տաղանդավոր նավաստի էր, որը հետագայում դարձավ Խորհրդային Միության ռազմածովային գործերի պատմության մեջ ծովակալ և առանցքային ֆիգուր, այլև նշանավոր գիտնական», – նշել է դեսպանը։
Դիվանագիտական ներկայացուցչության տեղեկատվության համաձայն՝ Ծովակալ Իվան Իսակովի՝ հայկական կողմին հանձնված անձնական իրերի թվում ներկայացված են զեկույցի թղթապանակը, Ծովակալ Նիկոլայ Կուզնեցովի ստորագրությամբ մեդալի վկայականը, տարբեր լուսանկարներ, Մարշալ Բուդենսկու, Ռոդիոն Մալինովսկու, Իվան Բաղրամյանի և այլոց շնորհավորական հեռագրեր: Նշվում է, որ վերջին ժամանակներս այդ իրերը գտնվել են Սամարայի կայազորի թանգարանի ժամանակավոր պահպանության տակ։