Գորիս խոշորացված համայնքի միջոցներով Շուռնուխում վերակառուցվել է համայնքային ենթակայության շենքը: Շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են: Արդյունքում՝ սահմանամերձ բնակավայրի 4 ընտանիք բնակարանամուտ կտոնի: Բնակարանների բանալիները կհանձնվեն առաջիկայում: Այս մասին Facebook-ի էջում գրել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։
Նա հայտնել է, որ համայնքի միջոցներով գործընկեր կազմակերպությունների հետ համատեղսահմանամերձ բնակավայրում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում. փոքրիկների համար խաղահրապարակ է կառուցվում, ավարտվել են նաև մանկական զարգացման կենտրոնի նորոգման աշխատանքները, ընթացքի մեջ են կենտրոնի կահավորման աշխատանքները:
Բնակավայրի գիշերային լուսավորության խնդիրը ևս լուծվել է. Գորիսի համայնքապետարանի և ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակում ձեռք են բերվել լուսատուներ, բնակավայրի լուսավորության ցանցն արդիականցվել է:
Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը Շուռնուխ կատարած հերթական այցի ընթացքում հետևել է բնակավայրում իրականացվող մեծածավալ շինաշխատանքների ընթացքին: