Մեկ շաբաթ առաջ ընդունված նախագծի հիման վրա 2016 և 2020 թվականներին պատերազմին մասնակցած անձինք հնարավորություն կունենան աշխատանքի ընդունվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։
Նրա խոսքով՝ աջակցություն կտրամադրվի ոչ միայն շահառուին, այլ գործատուին, հետևաբար աջակցության ուղղությունը մի քանի ուղղություններով է։
Սարգսյանը նշեց, որ գործատուն անպայման պետք է ունենա թափուր աշխատատեղ, դիմի այն համալրելու համար, իսկ նախարարությունը կարողանա օգնել պատերազմի մասնակցին համալրել այդ աշխատատեղը։
Սարգսյանը նշեց, որ աշխատանքի ընդունումը կարող է կատարվել երեք եղանակով, օրինակ, եթե կա անհրաժեշտոթյուն նախքան աշխատելը ուսուցման ծրագիր անցնել, ապա այն պետք է նախապես անցնել, ինչին ևս նախարարությունը կարող է աջակից լինել։ Սակայն եթե գործատուն ունի հնարավորություն այդ գիտելիքները հաղորդելու, ապա սա ևս հնարավոր տարբերակ է։
Նախարարությունը պատրաստ է ուսուցման ամբողջ ժամանակահատվածի համար մինչև 5 ամիս տևողությամբ վարձի փոխհատուցում կազմակերպել՝ ամսական առավելագույնը 50 000 դրամի չափով: Շահառուին կտրամադրվի նաև կրթաթոշակ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, որպեսզի սովորելու ընթացքում կարողանա հոգալ իր ծախսերը:
Փորձաշրջանի դեպքում առաջարկվում է գործատուին փոխհատուցում տրամադրել շահառուի աշխատավարձի վճարման համար նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ ամսական կտրվածքով, 3 ամիս տևողությամբ, և շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկային վճարումները փոխհատուցելու համար՝ 3 ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 25 000 ՀՀ դրամի չափով և 9 ամիս ժամկետով՝ առավելագույնը 50 000 ՀՀ դրամի չափով:
Եվ եթե շահառուն ուսուցման ու պրակտիկայի կարիք չունի և կարող է հենց սկզբից աշխատանքի տեղավորվել, ապա առաջարկվում է գործատուին տրամադրել 300 000 ՀՀ դրամի չափով միանվագ փոխհատուցում, եթե վերջինս առնվազն մեկ տարի ժամկետով կկնքի աշխատանքային պայմանագիր շահառուի հետ:
Սարգսյանը նշեց, որ մինչև տարեվերջ նախատեսվում է 200 շահառուի համար իրականացնել ծրագիրը: