Այսօր՝ հուլիսի 31-ին, ի նշան բողոքի, Նուբարաշենից դեպի Արարատի մարզ տանող գյուղամիջյան ճանապարհի՝ Ջրաշենի վարչական տարածքում, Ջրաշեն գյուղի սկզբնամասում, մի քանի գյուղերի բնակիչներ ժամանակավորապես փակել են ճանապարհը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ գյուղացիները դժգոհում են գյուղին հարակից ջրատարից եկող գարշահոտից։
«Մի քանի կիլոմետրանոց կանալը, որը գործում էր դեռ սովետական տարիներին ու կոչվում էր ստանլինյան ջրանցք, ամբողջովին լցված է, մեզ հասած տեղեկություններով՝ հայտնի գործարար, «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանին պատկանող խոսաբուծարանի թրիքով ու կեղտով»,- գրում է կայքը։
Ընդառաջելով համայնքների ղեկավարների ու ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների հորդորներին՝ համայնքների բնակիչները ճանապարհը բացել են։
«…Բայց եթե մի քանի օրվա ընթացքում սայլը տեղից չշարժվեց, այս անգամ ոչ թե 10, այլ, 20, 30 գյուղերի բնակիչներով, ահել-ջահել, մեր ու մանուկ, դուրս ենք գալու ու փակենք գլխավոր ճանապարհը ու էդ ժամանակ Սասնա էպոսի նման չասեք. մենք քնած էինք, Դավիթ գող-գող էկավ, գնաց»,- նշում են նրանք։