«Пятница» հեռուստաալիքը մեկնաբանել է «Էրեբունի» արգելոց-թանգարանում նկարահանված սկանդալային տեսանյութի հեղինակներից մեկի հետ կապված տեղեկությունը:
«Իրավիճակը, որը ստեղծվել է, մեզ ոչ մի կերպ չի վերաբերում։ Տատյանա Սմարժևսկայան չի աշխատում «Пятница» հեռուստաալիքում: Նա մեր աշխատակիցը չէ»,- ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։
Նշենք, որ Հայաստանում սոցցանցերի օգտատերերը մեղադրանքներ են հնչեցրել հոլովակի նկարահանումների մեջ կասկածվող «Ю» հեռուստաալիքի կրեատիվ պրոդյուսեր Տատյանա Սմարժևսկայայի հասցեին։ Նշվում էր, որ նա աշխատում է «Пятница» հեռուստաալիքում։ Ավելի ուշ Սմարժևսկայան ջնջել է տեսանյութը և Instagram-յան իր էջը։ Նա առանձին գրառմամբ ներողություն է խնդրել հայ ժողովրդից։
Տեսանյութի ֆիգուրանտ Ստասը նույնպես ներողություն է խնդրել։
«Հարգելի հայ ժողովուրդ, ես ձեզանից ներողություն եմ խնդրում մեր արարքի համար, մենք չենք հասկացել, որ «Էրեբունի» ամրոցը սրբազան օբյեկտ է։ Միայն հիմա մենք հասկացանք, որ արել ենք հայ ժողովրդի զգացմունքները վիրավորող արարք, որը միշտ բարի է եղել մեր հանդեպ», – ասել է Ստասը։