Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացրել է, որ գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված կազմակերպություններում հերթագրվել կարելի է նաև ներկայացված հեռախոսահամարներով՝ առանց այցելելու կազմակերպություն։
Armenia Today-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք գործելու է առցանց հարթակ, որտեղ մեքենաների սեփականատերերն ինքնուրույն կկարողանան հերթագրվել, ապա հերթը հասնելուն պես կներկայանան լիցենզավորման, ՏԿԵՆ խոսնակ Սոնա Հարությունյանը հայտնեց, որ այդպիսի հարթակ չի գործելու։
«Տեղեկությունների շտեմարանին հասանելիություն ունեն միայն նախարարությունն ու այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են լիցենզիաների տրամադրմամբ։ Հետևաբար, սովորական անձը չի կարող հերթագրվել այնտեղ։ Պարզապես զանգահարում է հեռախոսահամարներից մեկով, հերթագրվում, իսկ իր հերթի օրը մոտենում ստուգման»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ հերթագրված մեքենաները կկարողանան լիցքավորվել առանց խնդիրների։
Նշենք, որ լիցենզավորված կազմակերպություններում հերթագրումն իրականացվում է բացառապես անվճար։
Հերթագրման համար լիցենզավորված կազմակերպության կողմից գումար պահանջելու դեպքերի մասին գերատեսչությունը խնդրում է տեղեկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ նշելով լիցենզավորված կազմակերպության տվյալները։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից հրահանգված է չլիցքավորել այն մեքենաները, որոնք չեն անցել գազաբալոնի վկայագրում կամ չեն հերթագրվել։ Վարորդները նշում են, որ ծառայությունները չեն հասցնում սպասարկել բոլորին, հերթագրումները հասնում են մինչև հունվար ամիս։