Բազմազավակ Գոհար Սարգսյանը ՌԴ-ում զրկվել է քաղաքացիությունից: Այս մասին հայտնում է RT-ն: Գոհար Սարգսյանը հոր հետ 1990 թվականին Սևան քաղաքից տեղափոխվել է Տուապսե, քանի որ ՆԳՆ աշխատակից հորը գործուղել են ռուսական ԽՍՀ:
Ընտանիքը ԽՍՀՄ փլուզումից հետո մնացել է Ռուսաստանում, և նրա բոլոր անդամները ստացել են ռուսական անձնագրեր: Սակայն 2020 թվականին Սարգսյանից առգրավել են ռուսական անձնագիրը՝ հայտնելով, որ այն տրվել է սահմանված կարգի խախտմամբ: Դատարանի միջոցով նրան երեք երեխաների հետ դուրս են հանել սեփական բնակարանից: Միգրացիոն գերատեսչությունում Սարգսյանին առաջարկում են Ռուսաստանի քաղաքացիությունը նորից ձևակերպել, սակայն ընտանիքը վստահ է, որ անձնագիրն օրինական ճանապարհով է ստացվել և պահանջում է վերականգնել քաղաքացիությունը։
Ինչպես պատմել է կնոջ հայրը՝ ՆԳՆ նախկին աշխատակից Սամվել Սարգսյանը, 2017-ին նրան կանչել են միգրացիոն նախարարություն։ Այնտեղ տղամարդը հայտարարել է, որ իր անձնագիրն անվավեր է։ Բայց, ինչպես ասում է Սարգսյանը, իմանալով, որ նա ՌԴ ՆԳՆ վաստակավոր թոշակառու է, միգրացիոն անձնագիրն իր մոտից չեն վերցրել։ Իսկ ահա նրա դստեր՝ Գոհարի ձեռքից փաստաթուղթն առգրավել են՝ հայտարարելով, որ այն տրվել է սահմանված կարգի խախտմամբ։
Սարգսյանը պատմել է, որ այժմ դստեր մոտ խնդիրներ են սկսվել, նրա 4 և 2-ամյա երեխաներին ցանկանում են մանկապարտեզից հանել, քանի որ պետք էր փաստաթղթերը վերաձևակերպել։
2022 թվականի մարտի 24-ին Սարգսյանը զրկվել Է ՌԴ քաղաքացիությունից, իսկ հետո դատարանի որոշմամբ նրան դուրս են գրել այն բնակարանից, որը նրա հորը տվել է պետությունը։ Այժմ կինը մտադիր է ձևակերպել կացության թույլտվություն և անձնագիր, սակայն Սարգսյանը կարծում է, որ աղջիկը պետք է վերականգնի քաղաքացիությունը։
Ռուսաստանի ՆԳՆ-ից RT-ին հայտնել են, որ եթե Հայաստանի համապատասխան մարմինները հաստատեն, որ կինը Հայաստանի քաղաքացիություն չունի, ապա ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու հարցը կարող է լուծվել ճանաչման կարգով: Սարգսյանի խոսքով՝ ընտանիքը մի քանի անգամ հարցում է կատարել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: Ըստ պաշտոնական պատասխանի՝ գերատեսչությունը տեղեկություններ չունի Գոհար Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու մասին։