Պարզվել են խուլիգանության, ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, հրազեն ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, 2022թ. օգոստոսի 5-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ՊԾ ԵԶԳ պարեկները, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում ծառայություն իրականացնելիս, լսել են կրակոցի ձայներ, որից հետո նկատել են նշված փողոցով մեծ արագությամբ սլացող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա և մեքենայի կողմից կրկին լսել են կրակոցի ձայներ: Հասկանալով, որ կրակոցները հնչել են հենց այդ ավտոմեքենայից, ոստիկանության ծառայողները հետևել և հասնելով Առինջ գյուղի մոտ՝ նկատել են նշված ավտոմեքենան՝ շրջապատված շուրջ 10-15 երիտասարդներով:
Մոտենալով վերջիններիս՝ պարեկները նրանցից պահանջել են ավտոմեքենայի վարորդի մասին տվյալներ հայտնել, սակայն չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին՝ երիտասարդները հրել և հարվածներ են հասցրել ոստիկաններին, հայհոյել են և թույլ չտալով նստել ծառայողական ավտոմեքենան՝ վնասելել են այն. և միայն օգնության հասած կարգախմբի հետ միասին է հնարավոր եղել զսպել խմբի գործողությունները:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 452-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Երկու պարեկները ճանաչվել են տուժող: Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանցից երկուսի ինքնությոնը, ովքեր Առինջ գյուղի բնակիչներ են՝ 28 և 32 տարեկան:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ կրակոցները կատարվել են նշված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի սրահից, որը պատկանում է ձերբակալվածներից մեկին՝ 28-ամյա երիտասարդին: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, և այն միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին, որի շրջանակներում կատարված դեպքի վայրի՝ Սևան-Երևան մայրուղու «Առինջի կամար» կոչվող հատվածի խաչմերուկի զննությամբ հայտնաբերվել են 9մմ տրամաչափի մեկ տասնյակից ավելի կրակված պարկուճներ և կրակված գնդակ, իսկ դեպքի վայրում գտնվող «Եվրոմոթորս» ավտոսրահի դիմային հատվածի ապակիների վրա՝ կրակոցի հետքեր, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ, կատարվել են խուզարկություններ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ 32-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնեբերելու, յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: