Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության տվյալների համաձայն՝ 2022 թվականի hուլիսի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 77.6 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14.1%-ով։ Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից։
Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 40.9%-ը կամ 31.7 հազ. մարդ՝ նախորդ տարվա 34.2 հազ.-ի փոխարեն:
Ըստ վիճակագրության՝ գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 68.5 %-ը, կամ 53.2 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 0.6 %-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 63.8 %-ը, կամ 33.9 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 16.9 %-ը կամ 9.0 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4.4 % կամ 2.4 հազ. մարդ:
Ըստ կրթական կազմի բաշխվածության բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում են գործազուրկների թվի 12.4%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 16.8%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 4.9%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 55.5 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 10.4 %-ը:
Ըստ Զբաղվածության պետական գործակալության՝ գործազուրկների թվաքանակում շարունակում է մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝ հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝ կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝ արվեստի և դիզայնի, էկոնոմիկայի և ղեկավարման, տրանսպորտային միջոցների, թեթև արդյունաբերության որակավորում ունեցող մասնագետները:
Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են ընդհանուրի 65.8% -ը:
Ի դեպ, նշենք՝ ինչպես Facebook-ի էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մայիսին աշխատանքի շուկան աճել է և գրանցել հերթական ռեկորդը:
Հիշեցնենք, որ Կառավարության նիստում գործադիրի ղեկավարը տեղեկացրել էր, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է ավելի քան 125.000 աշխատատեղ։ Սա Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «պատմական ռեկորդ է»:
Նա ասել է նաև, որ նույն ժամանակահատվածում աշխատավարձային ֆոնդն ավելացել է 65%-ով: