ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեց նրա փաստաբան Սերգեյ Ոսկանյանը:
Վերջինս հայտնեց, որ Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով. անձի առևանգումը խմբակային ձևով կատարելու կասկածանքով:
«Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել Սուրեն Մանուկյանին 2 ամսով կալանավորելու համար: Այսօր՝ օրվա ավարտին, տեղի կունենա կալանքի միջնորդության քննարկումը»,- ասաց փաստաբանը:
Սերգեյ Ոսկանյանի փոխանցմամբ՝ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրած մեղադրանքը չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ առնչություն չունի դեպքի հետ:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ի առավոտյան ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Տավուշի մարզի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը անհետ կորել է։ Նա ԱԺ նակին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրն է:
Ավելի վաղ ՔԿ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ Քննչական կոմիտեն Տավուշի մարզային քննչական վարչության տարածքային բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ԱԺ նախկին պատգամավորի հոր անհետացման դեպքով։ Ավելի ուշ՝ օգոստոսի 2-ին Խաչատուր Քոքոբելյանը հայտնել էր, որ հայրը գտնվել է։
Այնուհետև, ոստիկանությունը հայտարարեց, որ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով 2 քաղաքացի է ձերբակալվել: