Հայաստանի գլխավոր դատախազությունը հերքել է տեղեկությունը, թե «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով մեղադրյալ կա։ ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան խոսքով՝ եթե նման տեղեկությունը ճիշտ լիներ, դատախազությունը դա կներառեր երեկվա զեկույցում։
«Հրապարակ թերթից երեկ ինձ հարցրել են 2021թ. Սուրմալու առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի գործի մասին, և ես հայտնել եմ, որ այդ գործով կա մեղադրյալ։ Այսինքն՝ խոսքը վերաբերում է 2021թ. դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալի առկայությանը»,- հստակեցրել է Աբրահամյանը՝ խնդրելով ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցներին հեռացնել այն։
Աբրահամյանի խոսքով՝ սա այն դեպքը չէ, որ սխալ տեղեկատվություն հրապարակելը լինի հանդուրժելի։ Նա լրատվամիջոցներին հորդորել է թյուրիմացությունների նման ծուղակում չհայտնվելու համար տեղեկությունը հրապարակելուց առաջ նախ պաշտոնապես ճշտել այն։
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով իբր առևտրի կենտրոնի աշխատակիցներից մեկը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ վկայակոչելով գլխավոր դատախազությանը։ Ավելի ուշ նյութը խմբագրվել էր, իսկ գլխավոր դատախազության արձագանքից հետո հրապարակման մի մասը հանվել։
Ավելի վաղ Դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ «Սուրմալու»-ում պայթյունի քննության առարկա են բոլոր վարկածները։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 60 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։
Օգոստոսի 17-18-ը Հայաստանում և Արցախում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի զոհերի։