Որոնողական աշխատանքերն արդեն մոտենում են ավարտին։ Ես հատուկ ուզում եմ շեշտել փրկարար ծառայության աշխատանքի որակը և նրանց օպերատիվությունը, և ուզում եմ նրանց հատուկ շնորհակալություն հայտնել։ Այս մասին այսօր «Սուրմալու» տոնավաճառի տարածքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱՆԻՖ տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ քաղաքացիները կիսում են իր կարծիքը։
Ավինյանի խոսքով՝ ԱԻՆ-ն այն հազվագյուտ կայացած կառույցներից մեկն է, որը շատ լավ հասկանում է իր առաքելությունը և իրականացնում է այն, ինչ պետք է անի։
«Ընդամենը մեկ անհետ կորած անձ կա: Կոնկրետ տեղանքն արդեն ֆիքսված է, և այդ հատվածում շարունակվում են որոնողական աշխատանքները։ Տեղի ունեցած ողբերգությունը, կարծում եմ, շատ սթափեցնող և ցավալի բան է, և սա առիթ է տալիս մտածելու նմանատիպ նյութերի պահպանման վերաբերյալ, սա առիթ է տալիս մտածելու մեր մշակույթում, մեր ծնունդներին, կնունքներին, հարսանիքներին հրավառության օգտագործման մասին»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Նա շեշտեց, որ դեռևս 2021 թվականին մի նախագիծ էր քննարկվել և ընդունվել կառավարության կողմից, որը գրեթե սահմանափակում էր հրավառության նմանատիպ միջոցների օգտագործումը՝ մասնավոր միջոցառումների ժամանակ՝ թույլ տալով միայն դրանք կիրառել պետական և համայնքային տոներին։
«Մենք ինքներս պետք է կարողանանք այդ մշակույթից հրաժարվել։ Բացի նրանից, որ մասնավոր հրավառությունները ոչ միայն խանգարում են մարդկանց անդորրը, այլև համոզվեցինք, որ մեծ վտանգ են ներկայացնում։ Պետք է կարողանանք կառավարել այդ ռիսկերը»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ մենք պետք է անդրադառնանք այլ տեղերում այլ թափոնների պահպանմանը։
Ավինյանը նշեց, որ հրավառության նյութերի վաճառքը գտնվում են ազատ վաճառքում, ուստի ոստիկանության համար բարդ է տուգանքների վարչարարությունն իրացնել։ Նա շեշտեց, որ կոշտ քայլերի դիմելու ժամանակը եկել է, ոչ թե հույսը դնել ժամային սահմանափակումների պահպանման վրա։
ՀՀ նախկին փոխվարչապետը նաև ասաց, որ իր սուբյեկտիվ կարծիքով՝ այս պայթյունը որևէ ահաբեկչական ակտի հետ կապ չունի, սակայն մոտ 4 տոննա հրավառական նյութերի պահպանումը մեկ վայրում վտանգավոր է, և մեկ փոքր կայծը նմանատիպ հետևանքներ կարող է ունենալ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյուն է որոտացել և խոշոր հրդեհ է բռնկվել։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։ Վերջին տվյալներով՝ կա 16 զոհ, 2 քաղաքացի համարվում է անհետ կորած։
Օգոստոսի 17-18-ը Հայաստանում և Արցախում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի զոհերի։