Հայաստանում հայտարարված սգո օրերի առնչությամբ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանձնարարությամբ ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
«Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (Սուրմալու առևտրի կենտրոն) տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ ՀՀ֊ում հայտարարված սուգի կապակցությամբ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանձնարարությամբ ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ»,- հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2022-ի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ՝ ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնապես հայտարարված սգո օրերին կիսով չափ իջեցվում է Հայաստանի Հանրապետության դրոշը։
«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պաշտոնապես հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռարձակողների կողմից արգելվում է։
Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանում պետական գերատեսչությունների բոլոր շենքերի դրոշներն իջեցվել են՝ ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության զոհերի։ Ի հիշատակ զոհվածների՝ դրոշները կիսով չափ իջեցված են ծածանվել խորհրդարանի, Հայաստանի նախագահի նստավայրի, Կառավարության շենքի, ԱԳՆ-ի և կառավարական այլ շենքերի վրա։
Երևանի բնակիչներն ու հյուրերը ծաղիկներ և մոմեր են բերում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության վայր։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյուն է որոտացել և խոշոր հրդեհ է բռնկվել։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։ Վերջին տվյալներով՝ կա 16 զոհ, 2 քաղաքացի համարվում է անհետ կորած։
Օգոստոսի 17-18-ը Հայաստանում և Արցախում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի զոհերի։