Օգոստոսի 17-ի երեկոյան ոստիկանություն մի քանի ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում հրավառություն է։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հրավառությունը կատարվել է Վրացական փողոցում։ Կարճ ժամանակ անց հայտնաբերվել է նաև իրականացնողը, որն օտարերկրացի է։
Նա իրավապահներին ներկայացրել է հրավառության նյութերի դատարկ արկղը և հայտնել, որ տեղյակ չի եղել, որ օգոստոսի 17-18-ը Հայաստանում հայտարարված են սգո օրեր։ Իրականացվել է վարչական վարույթ, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն։
Ավելի վաղ Ոստիկանությունից Armenia Today-ին հայտնել էին, որ հայտնաբերել են Հայաստանում սգո օրը հրավառություն կատարած անձին։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 60 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։
Օգոստոսի 17-18-ը Հայաստանում և Արցախում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի զոհերի։