ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հրապարակել է փաստական տվյալներ, ըստ որոնց Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքներ են օտարվել։
Մասնավորապես, Երևանի նախկին քաղաքապետի 2017թ. որոշմամբ քաղաքացի Կ.Հ.-ին 1.921.300 դրամ արժեքով օտարվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող 424.7 քմ մակերեսով հողամասը: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ուղղակի վաճառքի հիմքը՝ վաճառված 424.7քմ մակերեսով հողամասի դեպքում առկա չի եղել։
Պարզվել է նաև, որ վաճառված հողամասին հարակից գտնվող 431.3 քմ մակերեսով հողամասը նույն ժամանակահատվածում մասնավոր սեփականատիրոջ կողմից վաճառվել է մեկ քառակուսի մետրը 32.500 դրամով, այն դեպքում, երբ ուղղակի վաճառքով օտարված հողամասի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 4.500 դրամ, այսինքն՝ շուրջ 7.2 անգամ էժան:
Մեկ այլ որոշմամբ քաղաքացի Ա.Ա.-ին 3.206.020 դրամ արժեքով օտարվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ա. Շահինյան փողոցի 1-ին նրբանցքում գտնվող 708.67 քմ մակերեսով հողամասը: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ուղղակի վաճառքի հիմքը՝ վաճառված 708.67քմ մակերեսով հողամասի դեպքում առկա չի եղել։
Պարզվել է նաև, որ վաճառված հողամասին հարակից գտնվող 431.3 քմ մակերեսով հողամասը նույն ժամանակահատվածում մասնավոր սեփականատիրոջ կողմից վաճառվել է մեկ քառակուսի մետրը 32.500 դրամով, այն դեպքում, երբ ուղղակի վաճառքով օտարված հողամասի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 4.500 դրամ, այսինքն՝ շուրջ 7.2 անգամ էժան:
ՊՎԾ-ն հայտնում է, որ նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։