Հայ-վրացական սահմանին օգոստոսի 19-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:
Նախատեսված է հայ-վրացական սահմանի «Բարեկամություն» կամրջի պաշտոնական բացումը:
Հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետում «Բարեկամություն» անունը կրող կամրջի կառուցման աշխատանքներն ավարտվել են: Շինարարության մեկնարկը տրվել էր 2021 թվականի մայիսին: Երկու մասից բաղկացած նոր կամուրջը համապատասխանում է միջազգային չափանիշներին, թողունակությունն ավելի մեծ է լինելու:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը Armenia Today-ին հայտնեց, որ «Բարեկամություն» կամրջի բացման պաշտոնական արարողությունից հետո նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյան-Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: