Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կհանդիպի Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը փակած բեռնատարների վարորդների հետ: Այս մասին Armenia Today-ին հայտնեցին Սյունիքի մարզպետարանից:
«Ռոբերտ Ղուկասյանը քիչ անց արդեն Սիսիանի ճանապարհին կլինի, որտեղ էլ կհանդիպի ակցիայի մասնակիցների հետ»,- ասացին մարզպետարանից:
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ բեռնատարների վարորդները կրկին փակել են Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Սիսիանի հատվածը։
Նշենք, որ այս պահին Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին դեռ կուտակումներ են, սակայն, ճանապարհը միակողմանի բաց է միայն մարդատար մեքենաների համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ բեռնատարների վարորդները կրկին փակել էին միջպետական ճանապարհը: Սիսիան քաղաքի բեռնատարների կշռման անցակետում վարորդները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով վերանայել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի սահմանած նորմերը։
Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է, որ հանրապետությունում մեծ թափով իրականացվող ասֆալտապատմանը զուգահեռ գերբեռնված մեքենաները վնասում են ճանապարհները, ուստի, մշակվում են նոր նորմեր:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն է մշակվում, ըստ որի՝ մինչև 3 տոննա գերբեռնվածության համար վարորդը 200.000 դրամով կտուգանվի, դրանից հետո յուրաքանչյուր ավելի ամեն տոննայի համար էլ կլինի ևս 200.000 դրամ:
Տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն քաշը 26 տոննա է պետությունը փորձում սահմանել, ինչին դեմ են բեռնատարների վարորդները: