Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ունեցել տնտեսվարողների՝ երեկ բարձրացրած հարցերի շուրջ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը:
Նա հայտնել է, որ որոշում է կայացվել միակողմանի բացել Քրիստափորի փողոցի ճանապարհահատվածը` պահպանելով անվտանգության կանոնները։ Այժմ այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ։
Հիշեցնենք, որ երեկ «Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում էին հստակ օր ասել` թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 60 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։