Կորեայի Սեուլ և Բույո քաղաքներում կայացել է «Managing World Heritage: People, Nature, Culture 2022» ծրագիրը, որի նպատակն էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված հուշարձանների կառավարման լավագույն փորձի փոխանակումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Հայաստանյան կողմից ծրագրին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:
Ինչպես հայտնում են գերատեսչությունից, ծրագիրը կազմակերպել են ICCROM-ը, IUCN-ը, Նորվեգիայի կլիմայի և շրջակա միջավայրի նախարարությունը, Կորեայի մշակութային կառավարչությունը և Կորեայի մշակութային ժառանգության ազգային համալսարանը: Ավելի քան 180 դիմորդներից ընտրվել էին 21 մասնակիցներ աշխարհի տարբեր երկրներից: Որպես փորձագետներ՝ ներգրավված էին ավելի քան 10 մասնագետներ:
Նշվում է, որ բոլոր մասնակիցների կողմից նախապես պատրաստվել և ներկայացվել էին զեկուցումներ իրենց հուշարձաններից մեկի վերաբերյալ, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Հայաստանից ներկայացվել են Սանահինի և Հաղպատի վանքերը, պահպանության ոլորտում առկա մարտահրավերներն ու իրականացվող աշխատանքը:
Մասնագետները ներկայացրել են Համաշխարհային ժառանգության ցանկում նոր օբյեկտ գրանցելու որոշ առանձնահատկություններ, շեշտել կառավարման պլանի պարտադիր առկայության պայմանը, որը չափազանց կարևոր է Հայաստանի համար հետագա քայլերը ճիշտ կազմակերպելու տեսանկյունից: Մասնակիցներին ներկայացվել է կառավարման պլանի նոր ձևաչափը, որը դեռևս պաշտոնապես չի հրապարակվել. մշակման փուլում է:
Բացի տեսական փորձի փոխանակումից, կազմակերպվել են այցելություններ Կորեայի՝ Համաշխարհային ժառանգության ցանկերում ընդգրկված ինչպես մշակութային, այնպես էլ բնության հուշարձաններ` ծանոթացնելով տեղերի թանգարաններին, կառավարման համակարգին և հուշարձանների պահպանության վիճակին:
Հուշարձաններ այցելությունների ընթացքում տարածքների զբոսաշրջային երթուղիների կազմակերպման համատեքստում ներկայացվել են պրակտիկ և հետաքրքիր լուծումներ, որոնք նախատեսվում է կիրառել նաև Հայաստանի հուշարձաններում: Այս ուղղությամբ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են և շուտով որոշ նորամուծություններ կունենանք:
Նշվում է նաև, որ վերապատրաստման ծրագրի ավարտին փորձագետների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա մասնագիտական խորհրդատվությունների և համագործակցությունների վերաբերյալ: