«Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» նախագծի վերջնական դիզայն-պրոեկտի անիմացիոն տարբերակը պատրաստ է: Այս մասին հայտնում է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը։ 1700 աստիճանները բարեկարգված ու կանաչապատ ճանապարհի կենտրոնում են, մյուս կողմից էլ ճոպանուղին է մարդկանց հասցնելու դեպի այն բարձունք, որտեղից վեր է հառնելու «նոր հրաշալիքը»։ 77,7 մ բարձրությամբ աննախադեպ արձանի աշխատանքների մեկնարկը տրված է։
Հիմնադրամից հայտնում են, որ նախագիծը կյանքի կոչելու վերջին քննարկումներն են։ Թույլտվությունից ու փաստաթղթերի ամբողջական կարգավորումնից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները։ Նախագծի իրականացման համար կպահանջվի 3 տարի։
Հիսուսի բարձրադիր արձանը Հայաստանում կանգնեցնելու գաղափարը ՀՀ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանինն է։
Արձանի տեղադրման մասին Հայ Առաքելական եկեղեցին հայտնել է, որ եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով: Գերագույն հոգևոր խորհրդի հորդորն է նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին՝ զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով։
Իսկ իշխանությունների դիրքորոշումը արձանը կանգնեցնելու մասին դրական է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շատ լավ է, որ Գագիկ Ծառուկյանը, որի մտքով նման բան է անցել, այդ գաղափարը ներկայացնրել է հանրությանը։ Փաշինյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո բանավեճը կարևոր շերտեր է բացել։ Ըստ նրա՝ դա լավ առիթ է՝ հանրային ոլորտում առկա մի շարք խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու:
Ավելի վաղ «Հետք»-ը պարզել էր, որ Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի Ակունք բնակավայրի վարչական տարածքում գտնվող 3 առանձին հողակտոր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին է օտարվել 2022 թ.-ի օգոստոսի 10-ին։ Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը, օգոստոսի 10-ին հիմք ընդունելով նույն տարվա հուլիսի 17-ին կայացած աճուրդների արդյունքները, որոշել է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին օտարել ընդհանուր 7 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողակտոր։ Հողակտորների դիմաց «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը համայնքային բյուջե պետք է վճարեր կամ արդեն վճարել է 2 միլիոն 766 հազար դրամ։
Նշված հողակտորները գտնվում են Հատիսի լանջին գտնվող Սուրբ Պետրոս եկեղեցուց հյուսիս-արևմուտք։
Տեսանյութը՝ հետևյալ հղմամբ։