Կրթական և քննարկման հարթակին և Buissup Global Forum 2022 ստարտափ նախագծի մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է շուրջ 300 հայտ երիտասարդ ձեռներեցներից։ Ժյուրին ընտրել է 200 լավագույններին, որոնք կներկայացնեն մոտ 50 նախագիծ։ Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը։
Ղումաշյանը հիշեցրել է, որ «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համատեղ նախաձեռնվել է Buissup ծրագիրը, որը նպաստում է երիտասարդ գործարարության զարգացմանը։ Ամբողջ տարվա ընթացքում թիմը բազմապրոֆիլ աշխատանք է իրականացնում։ Այս տարվա հունիսին անցկացվել է Buissup կոնֆերանսը, որը համախմբել է 1000-ից ավելի մասնակիցների, իսկ հուլիսին՝ Buissup Hackathon-ը, որն այս տարի անցկացվել է առաջին անգամ՝ զուգահեռաբար 4 քաղաքներում։
«Այդ ամենն արվում է նրա համար, որպեսզի սկսնակ և երիտասարդ գործարարներն իմանան, որ բիզնես գործունեությունը Հայաստանում հնարավոր է, և յուրաքանչյուր խելացի և ինովացիոն բիզնես-ծրագիր կարող է դիմել Հայ գործարարների ասոցիացիային ու ներդրումներ ստանալ»,- ասաց Ղումաշյանը։
Նա հավելեց, որ ասոցիացիայի հաջորդ միջոցառումը կլինի Buissup Global Forum 2022-ը, որը կանցկացվի սեպտեմբերի 5-11-ը Դիլիջանում։ «Սա յուրատեսակ հարթակ է, որտեղ յոթ օր դասախոսություններ կանցկացվեն սկսնակների և երիտասարդ գործարարների համար, որոնց շնորհիվ նրանք գիտելիքներ կստանան տարբեր ոլորտներում՝ մարքեթինգ, ֆինանսներ, ծրագրերի մոդելավորում և այլն»,- ասաց Ասոցիացիայի տնօրենը։
Buissup Global ֆորումի հիմնական առանձնահատկությունը, համեմատած նմանատիպ այլ նախաձեռնությունների հետ, ըստ նրա, այն է, որ թիմերը աշխատում են մենթորների հետ, ովքեր ֆորումի յոթ օրերի ընթացքում նախապատրաստում են նրանց մասնակցելու երկրի գլխավոր՝ Հայկական բիզնես ֆորումին, որն ավանդաբար անցկացվում է սեպտեմբերի 20-ին։
Ղումաշյանը հավելեց, որ Հայկական բիզնես ֆորում 2022-ի հիմնական նպատակն է լինելու համախմբել տարբեր երկրների ձեռներեցներին և ընդգծել Հայաստանի դերը եվրոպական և եվրասիական գործարար համայնքների միավորման գործում։
Buissup Global Forum-ի գլխավոր մենթոր Նարեկ Ալեքսանյանն, իր հերթին, ասաց, որ մենթորներից յուրաքանչյուրն ունի իր կարծիքը և իր հիմնավորումը կոնկրետ թեմայի վերաբերյալ:
«Աշխարհը փոփոխական է, և մենք տեսնում ենք, թե ինչ գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում աշխարհում։ Եվ շատ կարևոր է, որ մեր երիտասարդ գործարարները պատրաստ լինեն այս փոփոխություններին։ Յուրաքանչյուր նախագիծ կարող է ունենալ տարբեր տեսլական, տարբեր գործիքներ, և տարբեր մենթորների կարծիքը լսելուց հետո նրանք կընտրեն իրենց համար լավագույն տարբերակը»,- ասաց նա։
Buissup Global Forum-ը կրթական, քննարկման հարթակ և սկսնակ նախագծերի մրցույթ է, որի նպատակն է ստեղծել հարթակ Հայաստանում երիտասարդական ձեռներեցության զարգացման համար։ Ֆորումը կազմակերպում է Հայ գործարարների ասոցիացիան՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Buissup-ի շրջանակներում հուլիսի 9-10-ը կայացել է հայ ձեռներեցների համար նախատեսված Buissup Hackathon մրցույթի առաջին փուլը, որի եզրափակիչ անցած մասնակիցները կմասնակցեն Buissup Global Forum-ին, որը կանցկացվի Դիլիջան քաղաքում։ Ֆորումի հաղթողների անունները կհայտարարվեն «Հայկական բիզնես ֆորում-2022» տարեկան գործարար համաժողովում։
2021 թվականին ֆորումը համախմբել է շուրջ 500 մասնակցի Հայաստանից և այլ երկրներից։ Ինչպես Armenia Today-ին տված հարցազրույցում ասել էր Ղումաշյանը, Հայ գործարարների ասոցիացիան «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համագործակցության հուշագրեր է ստորագրել ֆորումի անցած տարվա հաղթողների հետ, և գրեթե բոլոր նախագծերը առաջին փուլում ստացել են ֆինանսավորում, որից հետո նրանք. անցել են իրենց գաղափարների իրականացմանը։