Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ:
ԱԻՆ-ի հրապարակարած ուղերձում նա շնորհավորել է բոլորին Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ։
Խոսելով գերատեսչության կայացման մասին՝ նա, մասնավորապես, ընդգծել է.
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ-ի փորձառու մասնագետներն իրականացնում են պետության և հասարակության սեյսմիկ անվտանգության ապահովմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումները Հայաստանում և Արցախում, ինչը մեզ թույլ է տալիս 24 ժամյա ռեժիմով մոնիթորինգ իրականացնել և գնահատել երկրի սեյսմիկ վիճակը՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու սեյսմիկ գոտում գտնվելու փաստը։
Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի հիմանկան նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող, շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության ապահովման գործառությունների կազմակերպումն ու իրականացումն է։ Եվ վերջապես փրկարար ծառայությունը, որն ԱԻՆ-ի ողնաշարն է։ Փրկարար լինելն առաքելություն է և մեկ անգամ չէ, որ մեր փրկարարները ապացուցել են դա իրենց անձնուրաց աշխատանքով, հաճախ նաև իրենց առողջության ու կյանքի գնով փրկելով հազարավոր կյանքեր։ Տարիներ շարունակ մեր փրկարարները կատարելագործվել են և այսօր արդեն կարող են մասնագիտական աջակցություն ցուցաբերել աղետում հայտնված ցանկացած երկրի, ինչը խոսում է նրանց մասնագիտական, գործառնական, ինչպես նաև բարոյահոգեբանական պատրաստվածության, ծառայողական գործունեության բարձր մակարդակի մասին։
Աղետների ռիսկի կառավարումից և բնակչության պաշտպանությունից զատ մենք ապահովում ենք նաև մեր քաղաքացիների և հյուրերի հանգիստը հանրային լողափերում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ արդեն երկրորդ տարին է՝ մեր հերթապահության տիրույթում չեն գրանցվել ջրահեղձման դեպքեր և փրկվել է 100 քաղաքացի։ Օրեր առաջ ևս մեկ փորձություն հաղթահարվեց ԱԻ նախարարության ուժերով։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց մեր հասարակությանը, որ մենք կարողանում ենք պատշաճ արձագանքել, հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել՝ անգամ իր նախադեպը չունեցող աղետի պարագայում։ Ընդհանուր առմամբ 1388 փրկարար է ներգրաված եղել հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին։
Հրդեհի, փլատակների, շենքի փլուզման իրական վտանգի պայմաններում 24 ժամյա ռեժիմով մեր փրկարաները կատարում էին իրենց ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում կարողացանք փրկել 10 մարդու կյանք։ Եվ պատահական չէ, որ նրանց ներդրած գերմարդկային ջանքերը ևս մեկ անգամ գնահատվեցին քաղաքացիների կողմից»:
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 60 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։